Հովհ. Թումանյանի անձնական գրադարանը բանաստեղծի  ժառանգության կարևորագույն մասն է կազմում: Թումանյանի  կրթությունը թերի էր, և չնայած այդ հանգամանքին, նա ժամանակի ամենակիրթ, լայնախոհ ու բարձր ինտելեկտի տեր գործիչներից էր, ինչը մեծ տաղանդի, գրքի ու ընթերցանության նկատմամբ ունեցած պաշտամունքի արդյունք էր:

Հուշերում Թումանյանը գրել է. «Ներսիսյան դպրոցն իսկի չավարտած` գրեթե բացարձակ անգետ էի ինչպես ամեն գիտության, այնպես էլ գեղարվեստին ու գրականությանը, թեև մեծ սեր ու ձգտում ունեի, մանկուց էլ ոտանավորներ էի գրում: 18 տարեկան եմ դարձել, և միայն մի քանի գիրք էր անցել ձեռքս, էն էլ մեծ մասամբ պատահմունքով»: Խոսքը վերաբերում է «Հյուսիսափայի» մի քանի համարներին (գրական-գեղարվեստական ամսագիր, որը լույս էր տեսնում Մոսկվայում` 1858-1864 թթ, խմբագիր` Ստ. Նազարյան` Միք. Նալբանդյանի գործուն մասնակցությամբ) և Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» գրքին:

Հենց այս երկերն էլ  դարձան Թումանյանի անձնական գրադարանի հիմքը:  Տարիների ընթացքում նա ստեղծեց բազմաբնույթ, հնատիպ ու շքեղ հրատարակությունների հարուստ հավաքածու: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ բանաստեղծի գրադարանն իր ժամանակի գրողական գրադարանների շարքում երրորդն էր համարվում` Գյոթեի և Լև Տոլստոյի գրադարաններից հետո, սակայն ավելի արժեքավոր, քանզի  գրեթե բոլոր գրքերն ինքն է ձեռք բերել` հաճախ վերջին գումարով կամ պարտքով, իսկ Գյոթեն ու Տոլստոյը ժառանգել էին իրենց հավաքածուները՝ հետագայում համալրելով նոր գրքերով:

«Անկարելի է մոռանալ, թե ինչպես էր փայփայում գրադարանը: Երբ դեռ նոր էինք ամուսնացել, շարունակ նոր գրքեր էր առնում, թեև փողի պակասություն ունեինք: Հիշում եմ, ինչ դժվարությամբ էր ճարում «Հյուսիսափայլի» համարները, ամեն մի համարը` հինգ ռուբլով: Տանից բացակայելիս, նամակներում գրում էր` լավ նայիր երեխաներին և գրադարանիս…», — հիշում է բանաստեղծի կինը` Օլգա Թումանյանը:

Թումանյանը ոչ միայն հավաքել, կարդացել և խորապես ուսումնասիրել է  գրքերը, այլև դասակարգել է ամբողջ գրականությունը` մոտ 10.000 գիրք՝ զետեղելով դրանք ըստ թեմաների 12 պահարանում: Յուրաքանչյուր պահարան հատկացված էր գրականության մի բնագավառի:

Այսպիսով՝ 1-ին պահարանում զետեղված  էր Արևելքի վերաբերյալ գրականությունը, 2. Բանահյուսություն, 3. Բնական գիտություններ, 4. Ռուսաց պատմություն, 5. Հայագիտություն, 6. Ընդհանուր պատմություն, 7. Գրականություն օտար լեզուներով, 8. Գեղարվեստական գրականություն ռուսերեն, 9. Կովկասագիտություն, 10. Գեղարվեստական գրականություն հայերեն, 11. Փիլիսոփայություն, մանկավարժություն, բժշկագիտություն, կրոն, 12. Արվեստ: Առանձին պահարան էր հատկացրել եվրոպական և հատկապես արևելյան լեզուների բառարաններին`պարսկերենի, արաբերենի, սանսկրիտի և այլն: Բառարանների պահարանը թվով 13-րդն է, թեև պահարաններն ընդհանուր տասներկուսն են: Պատճառն այն է, որ ժամանակին առաջին ու չորրորդ պահարանի գրքերը Թումանյանը զետեղեց մեկ`  թվով չորրորդ, պահարանում:

Բանաստեղծի` գրքերի ընտրության հարստությունը վկայում է նրա հետաքրքրությունների լայն շրջանակի մասին: Նրա գրադարանը մի ամբողջ աշխարհ է. բոլոր գրքերը ձեռք են բերված հատուկ ընտրությամբ և մեծ արժեք են ներկայացնում: Օրինակ՝ ներկայացնենք Արվեստի պահարանի հրատարակություններից մի քանիսը`Մուտտերի «История живописи» աշխատությունը՝ երեք հատորով, Բենուա «История живописи всех времен и народов»՝ 21 հատորով, Ռեմբրանդտի, Վելասկեսի, Ռաֆայելի և այլ հանճարեղ արվեստագետների վերաբերյալ գերմաներեն լեզվով մենագրություններ՝ 24 հատորով և այլն:  Նման արժեքավոր գրքեր կան   բոլոր պահարաններում:

Գրադարանը մեծ տպավորություն էր թողնում հյուրերի և այցելուների վրա: Թումանյանի դուստր Նվարդն իր «Հուշեր և զրույցներ» գրքում  գրի է առել հայրիկի պատմած դրվագներից մեկը գրադարանի վերաբերյալ՝ «…1909 թվականի աշունն էր: Նոր էինք փոխադրվել Վոզնեսենսկայա N 18 տունը: Մի օր ցերեկը, տանը նստած պարապում եմ, այցելության եկավ մի անծանոթ: Հյուրին դահլիճ են ընդունում: Դուրս եմ գալիս իմ սենյակից, բարևում. անծանոթն սկսեց ֆրանսերեն խոսել: Ռուսերեն հայտնեցի, որ ֆրանսերեն չգիտեմ: Հյուրն սկսեց ռուսերեն խոսել և պարզվեց, որ պարսից դեսպանն է: Պարսկաստանից է գալիս և իր անձնական գործերով գնում է Պետերբուրգ: Գնալուց առաջ ցանկություն է ունեցել տեսնելու իր վաղեմի ծանոթ` պարսկահայ հարուստ Համբարձում Թումանյանին, որը բնակվելիս է եղել հենց այս նույն բնակարանում: Թյուրիմացությունը պարզելուց հետո, հյուրին հրավիրեցի իմ առանձնասենյակը ու սկսեցի զրուցել գրականությունից, խոսքը մասնավորեցնելով պարսից գրականության վրա` Ֆիրդուսու, Խայամի, Հաֆեզի և մյուսների: Դեսպանը տեսնելով պարսկական գրականությանը ծանոթ լինելս, գնալուց առաջ խոստացավ Պարսկաստանից ինձ ուղարկել Ֆիրդուսու «Շահնամեի» պարսկերեն շքեղ հրատարակությունը: Էդ ժամանակ պահարանից հանեցի «Շահնամեն»: Դեսպանը թէ`հենց այդ գրքից է, որ ես պիտի ուղարկեմ ձեզ:

-Էս էլ նվեր, ասացի նրան: Սկզբում մերժեց, բայց երբ պահարանից հանեցի երկրորդ օրինակը, նա զարմացավ, վրան մակագրեցի ու նվիրեցի»:

Դասակարգելուց բացի Թումանյանը կազմել է գրադարանի քարտային գրացուցակը` քառակուսի թերթիկների վրա գրելով գրքի մասին համառոտ տեղեկություններ` վերնագիրը, հեղինակի, թարգմանչի կամ հրատարակչի անունները, տպագրման տեղն ու ժամանակը:       Գրքերը պահում էր խնամքով ու չէր սիրում, երբ իրենից գիրք էին խնդրում: Իր առանձնասենյակի պատին հայտարարություն էր փակցրել` «Խնդրում եմ չծխել եւ գիրք չխնդրել»: Բայց և գիրք նվիրելու սովորություն է ունեցել` հաճախ նույն  գրքից գնում էր  մի քանիսը և սիրով նվիրում ընկերներին ու մտերիմներին:

Գրադարանի բազմաթիվ գրքերի տիտղոսաթերթերի վրա կան  հեղինակների, հրատարակիչների, թարգմանիչների, կամ էլ պարզապես մտերիմների ջերմ, անկեղծ ընծայագրերը: Այդպիսի գրքերի թիվն անցնում է 260-ից: Մեջբերենք ընծայագրերից մի քանիսը` Ղազարոս Աղայան. «Ուսումն մայրենի լեզուի». Թիֆլիս, 1906: Տիտղոսաթերթի վրա հեղինակի ընծայագիրը` «Իր սիրելի Ասլան-Բալային Ասլան ապէրը III. 19. 1906. Թիֆլիսից — Դսեղ»; Լևոն Շանթ. «Ես-ի մարդը: Դրամա 5 արարով»: Տիտղոսաթերթի վրա հեղինակի ընծայագիրը` «Իմ սիրելի Յովհաննէսին իր Շանթէն»:

2019 թ. լույս տեսավ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանի կազմած «Ընծայագրեր… անցյալի խոսուն վկաներ» գիրքը` նվիրված Հովհ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին:

Հետաքրքրություն են ներկայացնում նաև այն գրքերը, որոնց վրա կան այլ անձանց հասցեագրված ընծայագրեր (նման գրքերի առկայությունը գրադարանում բացատրվում է նրանով, որ բանաստեղծը դրանք ձեռք է բերել բուկինիստական խանութներից): Նման գրքերի թիվը մոտ 100-ն է: Օրինակ` Զաքարիա Քանաքեռցու «Զաքարիա Սարկաւագի «Պատմագրութիւն». Վաղարշապատ, 1870 գրքի էջ Ա-ի  վրա կա «Ի նշան համակրութ. միոյ առ հայագէտ և բազմահմուտ պ. Պէտէրման նուիրեմբք յարգանոք Գէորգ կթղկս. ամ. Հայոց յ. 28-ն նոյ. 1871-ի 21 ռահմի ամսուան ՌՅԻԱ թ. ի Ս. Էջմիածին» սև թանաքով ընծայագիրը: (Այդ թվականին Հայոց կաթողիկոսն էր Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին, և ընծայագիրը, հետևաբար, նրա գրչին է պատկանում):

Մեծ արժեք են ներկայացնում գրադարանի մոտ 550 գրքերը, որոնց էջերին կան բանաստեղծի մակագրությունները` ընդգծումները, նշումները, նոթաբեները (NB — հատուկ նշան լուսանցքում` բնագրի որևէ  տեղը հիշելու համար), փաստերի ճշտումները և այլն: Բազմապիսի այդ նշումները հնարավորություն են տալիս հասկանալու, թե ինչ վերաբերմունք  ուներ  Թումանյանը այս կամ այն գրողի, պատմական իրադարձությունների կամ փաստերի նկատմամբ: Նշումները շատ են հատկապես ժողովրդական բանահյուսությանը և ազգագրական նյութերին վերաբերող գրքերի էջերին: 

Գրադարանում կա մոտ 300 հնատիպ ու հազվագյուտ գիրք, որոնց արժեքը  նույնպես շատ բարձր է: Ամենահին գրքերն են` Ներսես Շնորհալի  «Հիսուս որդի», Վենետիկ, 1660, «Նոր կտակարան», Ամստերդամ, 1668, Առաքել Դավրիժեցի «Գիրք պատմութեանց»` Ամստերդամ, 1669, «Գիրք, որ կոչի  Հարանց վարք», Կ. Պոլիս, 1720, «Сравнительный словарь всех языков и наречий», Սանկտ-Պետերբուրգ, 1789,  Мовсес Хоренаци  «Армянская история», Սանկտ-Պետերբուրգ, 1809:

Ինչպես արդեն նշվեց, բազմաթիվ գրքեր, այդ թվում նաև հնատիպ գրքերը, բանաստեղծը ձեռք է բերել բուկինիստական խանութներից: Օլգա Թումանյանը գրում է հուշերում`«…Մի անգամ էլ, հիշում եմ, երբ «Վերնատանն» էինք, Զատկի տոներին 350 ռուբլի փող ստացավ Բաքվից: Ասացի` տուր, տանեմ երեխաների վրա ծախսեմ, հազար ու մի կարիք ունենք: Ասաց` լավ, ամբողջն ինձ տվեց ու դուրս գնաց: Չանցած մի քանի ժամ, ծայրեծայր գրքերով լցված մի կառքով եկավ բուկինիստական գրախանութի աշխատակցի հետ, թե` էն 350-ը տուր, 30 կոպեկ էլ` կառքի փող…»:

Մի որոշ քանակությամբ գրքեր Թումանյանը կազմել էր տվել,  և այդ գրքերի կռնակներին կազմարարի կողմից դրոշմվել են «Յ. Թ.» անվանատառերը: Օրինակ, Սմբատ Գունդստաբլի «Տարեգիրք, արարեալ Սմբատայ Սպարապետի հայոց»; Լեո «Հայկական տպագրութիւն: Մեր կեանքը, գրականութիւնը անցեալում» և այլն:

Գրեթե բոլոր գրքերի տիտղոսաթերթերի, էջ 17-ի և վերջին էջի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Շատ գրքերի վրա կան Թումանյանի հայերեն կամ ռուսերեն հակիրճ ինքնագրերը` ստորագրությունները: Որոշ գրքերի վրա կան նաև  Թումանյանի զավակների` Համլիկի, Մուշեղի, Նվարդի և Աշխենի ինքնագրերը կամ այլ նշումները:  

Բանաստեղծի գրադարանը պահվում է նրա երևանյան թանգարանում` գրքերի համար նախատեսված  առանձին սրահում` ըստ Թումանյանի կողմից դասակարգած թեմաների:  

Հովհաննես Թումանյանի թանգարանը երկար տարիներ համագործակցում է Մաշտոցյան Մատենադարանի հետ. բազմաթիվ գրքեր մշակվում և վերականգնվում են այդ հաստատության վերականգնման բաժնի մասնագետների կողմից:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы