Վերլուծական աշխատանք

Հ.Թումանյանի ՙԴառնացած Ժողովուրդ՚ հոդվածը

Հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գրել է ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություններ, այլև քննադատական և հրապարակախոսական հոդվածներ: Նրա հրապարակախոսական երկերը ներծծված են սեփական ժողովրդի հանդեպ ունեցած մեծագույն սիրով և նույն ժողովրդի մտահոգություններով:

Թումանյանի հրապարակախոսական լավագույն հրապարակումներից է  <<Դառնացած Ժողովուրդ>> հոդվածը: Իր  այս հոդվածում բանաստեղծը վերհանում է մեր ժողովրդի արատավոր կողմերը, արտաքուստ աննկատելի թերությունները: Երբ կարդում ես Թումանյանի գրածը, մնում ես ապշած. Ասես այն այսօր գրված լինի: Թումանյանը անրադառնում է մեր ժողովրդի մեջ արմատացած ամենա արատավոր երևույթներին՝ չարակամությանը և նախանձին: Հեղինակը ցույց է տալիս, որ նախանձը գոյություն ունի հայ հասարակության բոլոր խավերում և ոլորտներում: Միմյանց նախանձում և վատն են կամենում վաճառականներն ու հողագործները, ուսուցիչներն ու արվեստագետները, անգամ հոգևորականները <<Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու>>:

Այս սարսափելի երևույթը Թումանյանը տեսնում է նաև իր՝ գրականության և գրողների միջավայրում: Թումանյանի դեմ 1910-ական թվականներին գրվել են մաղձով և չարությամբ լցված հոդվածներ, որոնցում նրան մեղադրել են գրագողության մեջ: Մեծ բանաստեղծը ըստ արժանվույն պատասխանել է այդ՝ իր լեզվով ասած ՙոչ գրական ոչնչություններին՚, սակայն ցավը և դառնությունը մնացել են նրա սրտում, ինչը նա արտահայտում է նաև իր այս հոդվածում. <<Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի>>։

Դառնացած բանաստեղծը հայ մարդկանց այս ներքին թերություններին տալիս է իր բացատրությունը: Նա գտնում է, որ դարեր շարունակ, գտնվելով օտար տերությունների լծի տակ, հայ ժողովուրդը կարողացել է գոյատևել, սակայն այդ օտարներից վերցրել է շատ բացասական, արատավոր հատկանիշներ. <<Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը>>:

Կարծում եմ, որ մեծ բանաստեղծը միանգամայն ճիշտ է: Սակայն հեղինակը հոռետեսական ոգով չի ավարտում իր այս զարմանալի հոդվածը:Նա հույս է փայփայում, որ հայ մարդիկ ի վերջո կմաքրեն իրենց պղտորված հոգիները և կդառնան ավելի ազնիվ և բարյացակամ: Մեծ բանաստեղծը իրավացիորեն գտնում է, որ սա <<ներսի խնդիր է>>, այսինքն՝ արտաքին փոփոխությունների և զարգացումների հետ կապված չէ. <<ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած>>:

Մենք նույնպես հույս ունենք, քանի որ Թումանյանի հոդվածի գրությունից 100 տարի անց էլ հայ մարդը գրեթե չի փոխվել: Սակայն մենք էլ Թումանյանի պես հավատում ենք, որ մեր ներսի մարդը մի օր փոխվելու է և իր միջից արմատախիլ է անելու չարության և նախանձի բոլոր սերմերը:

Իմ ամառային արձակուրդը

Այս տարի ամառային հանգիստս տարբերվում էր նրանով, որ Հայաստանից դուրս չենք այցելել այլ պետություն: Դրա փոխարեն հանգիստ ենք ունեցել Հայաստանի տարբեր մարզերում և այցելել ենք տեսարժան վայրերը: Առաջի այցելությաբս վայրը եղել է գեղատեսիլ Լոռու մարզը իր անսահման գեղեցկությամբ և հիշարժան վայրերով: Այցելել ենք Դենդրոպարկ, այնուհետև այցեկել ենք Ստեփանավանի Հնեվանքի եղեցին ( 7-րդ) և իր հրաշք Արևածագի ձորը: Թեպետ մեծ դժվարությամբ և փորձություններով ենք հասել և վերադարձել, բայց վստահ այդպիսի հրաշք տեսարան տեսնելու համար արժեր այն:
Հաջորդ հանգիստս եղել է ևս Հայաստանի լավագույն բնություն ունեցող քաղաքներից մեկում` Դիլիջանում, այցելել են Պարզ լիճ, Սանահին, Գոշավանք ևս հիացել և վայելել ենք մեր հանգիստ: Այցելածս վայրերը անցյալ տարիների համեմատ բավականին շատ է , այդ իսկ պատճառով թվարկել իմաստ չկա: Բացի իմ այցելություններից, նաև լիարժեք հանգստացել եմ ընկերներիս հետ բակում խաղալով տարբեր խաղեր, այցելել կողավազաններ և շբվելոբ միմիանց հետ: Այս երեք ամիսներին ունեցել եմ անմոռանալի օրեր: և այս տարի ես բացահայտեցի բավականին շատ ու հետաքրքիր տեսարժան վայրեր մեր երկրում :

Վահագնի երգը

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
և աչքունքն էին արեգակունք։

Եղիշե Չարենց <<Վահագն>>

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար…
Հ. Հովհաննիսյան
Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: — Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ —
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր —
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

Հովհաննես Հովհաննիսյան <<Վահագնի ծնունդը>>

Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ։
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք։
Վահագն ծնավ, լռեցեք ալի՛ք.
Դու ծովահալած, դադար առ մրրի՛կ։
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերև ―
Երեսըդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տե՛ս, ո՞վ է գալիս, և դո՛ւ, հո՛ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի՛ն Մասիս,
Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս։
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծո՛վ՝
Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար։

Օրորվելով կառքն էր վազում սրընթաց
Դաշտի միջին, ճանապարհով ցեխապատ:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ-վհատ:

Օրորվում էր կառքը, վազում ու վազում:
Կառապանը երգում էր մի ինչ-որ երգ:
Թոքախտավոր կինն էր մոտիս դառն հազում:
Մութն էր գրկում արևմուտք ու արևելք:

Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Ագռավները անցնում էին քրքջալով:
Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց:
Քամին անցավ՝ մեկի մասին ողբալով:

Եվ կառապանն, օրորվելով, դեռ երկար
Երգում էր իր օրերի երգը անգույն:
Գնում էինք: Ո՞ւր — չգիտեմ: Վերջ չկար:
Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն…

ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ

(Ազգային ավանդություն)

        Լենկթեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ,
Անօրենն եկավ, եկա՜վ ու եկա՜վ.
Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց,
Փաթաթեց, պատեց, ինչպես վիշապ-օձ,

Կանգնեց Սևանա ափին հովասուն,
Էնտեղ, ուր ուշքը ու միտքն աստըծուն`
Անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին,
Օհաննա վանքը ծովի եզերքին։
        Էն վանքում, հայոց ազգին պահապան,

Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան.
Աղոթք էր անում իր հոգու համար,
Իր ազգի համար, աշխարհքի համար։
        Երբ տեսավ խաղաղ վանքիցը իրեն
Անօրեն մարդու էս գործն անօրեն,

Խըռովեց արդար ծերունու հոգին.
Ճերմակ միրուքով, իր ցուպը ձեռքին,
Դառնացած, դըժգոհ մարդուց ու կյանքից,
Աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից,
Իջավ Սևանա երեսը կապույտ,

Ու քըրթմընջալով, միամիտ, անփույթ,
Էն վետ-վետ, ծըփուն ջըրերի վըրա
Ցամաք ոտներով գընում էր ահա։
        Տեսավ հըրաշքը Լենկթեմուրն ափից,
Տեսավ, սասանեց տեղը սարսափից։

Կանչեց, աղաչեց իշխանը թաթար,
— Ե՛տ արի, ասավ, ե՛տ արի, արդա՛ր,
Ե՛տ արի, ասավ, ո՛վ դու աստծու մարդ։
        Ետ եկավ մեր հայր Օհանը հանդարտ,
Իր ցուպը ձեռին, ջըրերի վըրով,

Ու առաջն ելավ թաթարը սիրով։
― Ի՞նչ ես ուզում դու, ո՛վ սուրբ ալևոր,
Գա՞նձ, իշխանությո՞ւն, թե կյանք փառավոր…
— Քո փառքն ու գանձը հարկավոր չեն ինձ,
Իմ ժողովուրդն եմ ուզում ես քեզնից։

Ուզում եմ թողնես՝ գընան ուր կուզեն,
Ու ազատ իրենց կյանքի ձենն ածեն
Էս լեն աշխարհքում, արևի տակին…
Ասավ սուրբ մարդը մեծ ավազակին։
— Ժողովուրդ կուզե՞ս… լա՛վ, լինի էդպես։

Էս վանքովը մին ժողովուրդ տամ քեզ,
Գընա ինձ համար աղոթք արա, ծե՛ր։
Ասավ Լենկթեմուրն ու տըվավ պատվեր,
Որ գերի հայոց ազգը մի թևից
Էն վանքը մըտնի սուրբի ետևից.

Ինչքան ժողովուրդ մըտնի էն վանքը,
Նրան է բաշխում էնքանի կյանքը։
        Հրաման արավ իրեն զորքերին,
Ու բաց թողեցին հայ ազգի գերին։
Մըտնում է գերին, մըտնում մի ծերից,

Անցել է թիվը հարյուր հազարից,
Չի լըցվում սակայն հասարակ մի վանք…
Ապշում է թաթարն— արմա՜նք ու զարմանք։
— Թողե՜ք, կանչում է իրեն զորքերին,
Հորձանք է տալի նորից հայ գերին։

Գալիս է գերին, գալիս է նորից,
Անցել է թիվը հազար հազարից,
Չի լըցվում սակայն էն վանքը կըրկին,
Չի կանգնում հայի հոսանքն ահագին։
        Երրորդ անգամ է կանչում զորքերին։

Գալիս է անցնում մընացած գերին։
Անցնում է գերին, անցնում շարեշար,
Էլ մարդ չըմնաց, գընա՜ց ինչ որ կար,
Դատարկ է սակայն վանքը տակավին…
Թեմուր զարհուրած դառնում է չորս դին.

— Զարթո՞ւն եմ արդյոք, թե երազ տեսա…
Հայտնեցեք ինձ շո՜ւտ, ի՞նչ հըրաշք է սա…
        Գընում են տեսնում մարդիկն իր ղըրկած—
Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած,
Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ.

Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ,
Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի,
Փոխել է իսկույն, դարձրել աղավնի,
Բաց պատուհանից թողել ամենքին,
Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին,

Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք,
Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։

Հովհաննես Այվազովսկի (Այվազյան)— Աշխարհահռչակ հայ նկարիչ, որը ճանաչում եւ անկեղծորեն սիրում էր ծովը:Այվազովսկին ծնվել է 1817թ. հուլիսի 17 (նոր տոմարով 29) Կրիմի Թեոդոսիա քաղաքում: Այդ քաղաքը դեռ վաղ ժանակներից հանդիսացել էր հայաշատ գաղութ: Նրա հայերը կրթված մարդ էր: Նա իրեն անվանում էր <<Հայվազոսկի>>.Փոքրիկ Այվազովսկու նկարչական ունակությունները նկատում է Թեոդոսիայի քաղաքապետ Կազնաչեւը, որը աջակցում է վերջինիս Սանկտ-Պետերբուգի Գեղարվեստի Ակադեմիա ընդունվելու գործում. Այվազովսկին այն ավարտում է ոսկե մեդալով: 25 տարեկան հասակում երիտասարդ Այվազովսկին արդեն աշխարհահչակ էր:    Իր կյանքի երիտասարդ տաիներին Այվազովսկին ճանապարհորդում է աշխարհով մեկ` ներկայացնելով իր նկարները աշխարհի գեղանկարչության հայտնի կենտրոններում: Ժամանակի հայտնի նկարիչները հիացմունքով էին խոսում նրա մասին:Տարիքն առնելուց հետո Այվազովսկին վերադառնում է իր ծննդյան վայրը: Ծովափի մոտ կառուցում է իր տունը, որը միեւնույն ժամանակ նաեւ իր նկարների ստեղծման վայրն էր:1900թ. Հռչակավոր հայ նկարիչը մահանում է` թողնելով սերունդներին եւ համայն մարդկությանը մոտ 6000 արվեստի անգին կոթողներ:

Հովհ. Թումանյանի անձնական գրադարանը բանաստեղծի  ժառանգության կարևորագույն մասն է կազմում: Թումանյանի  կրթությունը թերի էր, և չնայած այդ հանգամանքին, նա ժամանակի ամենակիրթ, լայնախոհ ու բարձր ինտելեկտի տեր գործիչներից էր, ինչը մեծ տաղանդի, գրքի ու ընթերցանության նկատմամբ ունեցած պաշտամունքի արդյունք էր:

Հուշերում Թումանյանը գրել է. «Ներսիսյան դպրոցն իսկի չավարտած` գրեթե բացարձակ անգետ էի ինչպես ամեն գիտության, այնպես էլ գեղարվեստին ու գրականությանը, թեև մեծ սեր ու ձգտում ունեի, մանկուց էլ ոտանավորներ էի գրում: 18 տարեկան եմ դարձել, և միայն մի քանի գիրք էր անցել ձեռքս, էն էլ մեծ մասամբ պատահմունքով»: Խոսքը վերաբերում է «Հյուսիսափայի» մի քանի համարներին (գրական-գեղարվեստական ամսագիր, որը լույս էր տեսնում Մոսկվայում` 1858-1864 թթ, խմբագիր` Ստ. Նազարյան` Միք. Նալբանդյանի գործուն մասնակցությամբ) և Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» գրքին:

Հենց այս երկերն էլ  դարձան Թումանյանի անձնական գրադարանի հիմքը:  Տարիների ընթացքում նա ստեղծեց բազմաբնույթ, հնատիպ ու շքեղ հրատարակությունների հարուստ հավաքածու: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ բանաստեղծի գրադարանն իր ժամանակի գրողական գրադարանների շարքում երրորդն էր համարվում` Գյոթեի և Լև Տոլստոյի գրադարաններից հետո, սակայն ավելի արժեքավոր, քանզի  գրեթե բոլոր գրքերն ինքն է ձեռք բերել` հաճախ վերջին գումարով կամ պարտքով, իսկ Գյոթեն ու Տոլստոյը ժառանգել էին իրենց հավաքածուները՝ հետագայում համալրելով նոր գրքերով:

«Անկարելի է մոռանալ, թե ինչպես էր փայփայում գրադարանը: Երբ դեռ նոր էինք ամուսնացել, շարունակ նոր գրքեր էր առնում, թեև փողի պակասություն ունեինք: Հիշում եմ, ինչ դժվարությամբ էր ճարում «Հյուսիսափայլի» համարները, ամեն մի համարը` հինգ ռուբլով: Տանից բացակայելիս, նամակներում գրում էր` լավ նայիր երեխաներին և գրադարանիս…», — հիշում է բանաստեղծի կինը` Օլգա Թումանյանը:

Թումանյանը ոչ միայն հավաքել, կարդացել և խորապես ուսումնասիրել է  գրքերը, այլև դասակարգել է ամբողջ գրականությունը` մոտ 10.000 գիրք՝ զետեղելով դրանք ըստ թեմաների 12 պահարանում: Յուրաքանչյուր պահարան հատկացված էր գրականության մի բնագավառի:

Այսպիսով՝ 1-ին պահարանում զետեղված  էր Արևելքի վերաբերյալ գրականությունը, 2. Բանահյուսություն, 3. Բնական գիտություններ, 4. Ռուսաց պատմություն, 5. Հայագիտություն, 6. Ընդհանուր պատմություն, 7. Գրականություն օտար լեզուներով, 8. Գեղարվեստական գրականություն ռուսերեն, 9. Կովկասագիտություն, 10. Գեղարվեստական գրականություն հայերեն, 11. Փիլիսոփայություն, մանկավարժություն, բժշկագիտություն, կրոն, 12. Արվեստ: Առանձին պահարան էր հատկացրել եվրոպական և հատկապես արևելյան լեզուների բառարաններին`պարսկերենի, արաբերենի, սանսկրիտի և այլն: Բառարանների պահարանը թվով 13-րդն է, թեև պահարաններն ընդհանուր տասներկուսն են: Պատճառն այն է, որ ժամանակին առաջին ու չորրորդ պահարանի գրքերը Թումանյանը զետեղեց մեկ`  թվով չորրորդ, պահարանում:

Բանաստեղծի` գրքերի ընտրության հարստությունը վկայում է նրա հետաքրքրությունների լայն շրջանակի մասին: Նրա գրադարանը մի ամբողջ աշխարհ է. բոլոր գրքերը ձեռք են բերված հատուկ ընտրությամբ և մեծ արժեք են ներկայացնում: Օրինակ՝ ներկայացնենք Արվեստի պահարանի հրատարակություններից մի քանիսը`Մուտտերի «История живописи» աշխատությունը՝ երեք հատորով, Բենուա «История живописи всех времен и народов»՝ 21 հատորով, Ռեմբրանդտի, Վելասկեսի, Ռաֆայելի և այլ հանճարեղ արվեստագետների վերաբերյալ գերմաներեն լեզվով մենագրություններ՝ 24 հատորով և այլն:  Նման արժեքավոր գրքեր կան   բոլոր պահարաններում:

Գրադարանը մեծ տպավորություն էր թողնում հյուրերի և այցելուների վրա: Թումանյանի դուստր Նվարդն իր «Հուշեր և զրույցներ» գրքում  գրի է առել հայրիկի պատմած դրվագներից մեկը գրադարանի վերաբերյալ՝ «…1909 թվականի աշունն էր: Նոր էինք փոխադրվել Վոզնեսենսկայա N 18 տունը: Մի օր ցերեկը, տանը նստած պարապում եմ, այցելության եկավ մի անծանոթ: Հյուրին դահլիճ են ընդունում: Դուրս եմ գալիս իմ սենյակից, բարևում. անծանոթն սկսեց ֆրանսերեն խոսել: Ռուսերեն հայտնեցի, որ ֆրանսերեն չգիտեմ: Հյուրն սկսեց ռուսերեն խոսել և պարզվեց, որ պարսից դեսպանն է: Պարսկաստանից է գալիս և իր անձնական գործերով գնում է Պետերբուրգ: Գնալուց առաջ ցանկություն է ունեցել տեսնելու իր վաղեմի ծանոթ` պարսկահայ հարուստ Համբարձում Թումանյանին, որը բնակվելիս է եղել հենց այս նույն բնակարանում: Թյուրիմացությունը պարզելուց հետո, հյուրին հրավիրեցի իմ առանձնասենյակը ու սկսեցի զրուցել գրականությունից, խոսքը մասնավորեցնելով պարսից գրականության վրա` Ֆիրդուսու, Խայամի, Հաֆեզի և մյուսների: Դեսպանը տեսնելով պարսկական գրականությանը ծանոթ լինելս, գնալուց առաջ խոստացավ Պարսկաստանից ինձ ուղարկել Ֆիրդուսու «Շահնամեի» պարսկերեն շքեղ հրատարակությունը: Էդ ժամանակ պահարանից հանեցի «Շահնամեն»: Դեսպանը թէ`հենց այդ գրքից է, որ ես պիտի ուղարկեմ ձեզ:

-Էս էլ նվեր, ասացի նրան: Սկզբում մերժեց, բայց երբ պահարանից հանեցի երկրորդ օրինակը, նա զարմացավ, վրան մակագրեցի ու նվիրեցի»:

Դասակարգելուց բացի Թումանյանը կազմել է գրադարանի քարտային գրացուցակը` քառակուսի թերթիկների վրա գրելով գրքի մասին համառոտ տեղեկություններ` վերնագիրը, հեղինակի, թարգմանչի կամ հրատարակչի անունները, տպագրման տեղն ու ժամանակը:       Գրքերը պահում էր խնամքով ու չէր սիրում, երբ իրենից գիրք էին խնդրում: Իր առանձնասենյակի պատին հայտարարություն էր փակցրել` «Խնդրում եմ չծխել եւ գիրք չխնդրել»: Բայց և գիրք նվիրելու սովորություն է ունեցել` հաճախ նույն  գրքից գնում էր  մի քանիսը և սիրով նվիրում ընկերներին ու մտերիմներին:

Գրադարանի բազմաթիվ գրքերի տիտղոսաթերթերի վրա կան  հեղինակների, հրատարակիչների, թարգմանիչների, կամ էլ պարզապես մտերիմների ջերմ, անկեղծ ընծայագրերը: Այդպիսի գրքերի թիվն անցնում է 260-ից: Մեջբերենք ընծայագրերից մի քանիսը` Ղազարոս Աղայան. «Ուսումն մայրենի լեզուի». Թիֆլիս, 1906: Տիտղոսաթերթի վրա հեղինակի ընծայագիրը` «Իր սիրելի Ասլան-Բալային Ասլան ապէրը III. 19. 1906. Թիֆլիսից — Դսեղ»; Լևոն Շանթ. «Ես-ի մարդը: Դրամա 5 արարով»: Տիտղոսաթերթի վրա հեղինակի ընծայագիրը` «Իմ սիրելի Յովհաննէսին իր Շանթէն»:

2019 թ. լույս տեսավ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանի կազմած «Ընծայագրեր… անցյալի խոսուն վկաներ» գիրքը` նվիրված Հովհ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին:

Հետաքրքրություն են ներկայացնում նաև այն գրքերը, որոնց վրա կան այլ անձանց հասցեագրված ընծայագրեր (նման գրքերի առկայությունը գրադարանում բացատրվում է նրանով, որ բանաստեղծը դրանք ձեռք է բերել բուկինիստական խանութներից): Նման գրքերի թիվը մոտ 100-ն է: Օրինակ` Զաքարիա Քանաքեռցու «Զաքարիա Սարկաւագի «Պատմագրութիւն». Վաղարշապատ, 1870 գրքի էջ Ա-ի  վրա կա «Ի նշան համակրութ. միոյ առ հայագէտ և բազմահմուտ պ. Պէտէրման նուիրեմբք յարգանոք Գէորգ կթղկս. ամ. Հայոց յ. 28-ն նոյ. 1871-ի 21 ռահմի ամսուան ՌՅԻԱ թ. ի Ս. Էջմիածին» սև թանաքով ընծայագիրը: (Այդ թվականին Հայոց կաթողիկոսն էր Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին, և ընծայագիրը, հետևաբար, նրա գրչին է պատկանում):

Մեծ արժեք են ներկայացնում գրադարանի մոտ 550 գրքերը, որոնց էջերին կան բանաստեղծի մակագրությունները` ընդգծումները, նշումները, նոթաբեները (NB — հատուկ նշան լուսանցքում` բնագրի որևէ  տեղը հիշելու համար), փաստերի ճշտումները և այլն: Բազմապիսի այդ նշումները հնարավորություն են տալիս հասկանալու, թե ինչ վերաբերմունք  ուներ  Թումանյանը այս կամ այն գրողի, պատմական իրադարձությունների կամ փաստերի նկատմամբ: Նշումները շատ են հատկապես ժողովրդական բանահյուսությանը և ազգագրական նյութերին վերաբերող գրքերի էջերին: 

Գրադարանում կա մոտ 300 հնատիպ ու հազվագյուտ գիրք, որոնց արժեքը  նույնպես շատ բարձր է: Ամենահին գրքերն են` Ներսես Շնորհալի  «Հիսուս որդի», Վենետիկ, 1660, «Նոր կտակարան», Ամստերդամ, 1668, Առաքել Դավրիժեցի «Գիրք պատմութեանց»` Ամստերդամ, 1669, «Գիրք, որ կոչի  Հարանց վարք», Կ. Պոլիս, 1720, «Сравнительный словарь всех языков и наречий», Սանկտ-Պետերբուրգ, 1789,  Мовсес Хоренаци  «Армянская история», Սանկտ-Պետերբուրգ, 1809:

Ինչպես արդեն նշվեց, բազմաթիվ գրքեր, այդ թվում նաև հնատիպ գրքերը, բանաստեղծը ձեռք է բերել բուկինիստական խանութներից: Օլգա Թումանյանը գրում է հուշերում`«…Մի անգամ էլ, հիշում եմ, երբ «Վերնատանն» էինք, Զատկի տոներին 350 ռուբլի փող ստացավ Բաքվից: Ասացի` տուր, տանեմ երեխաների վրա ծախսեմ, հազար ու մի կարիք ունենք: Ասաց` լավ, ամբողջն ինձ տվեց ու դուրս գնաց: Չանցած մի քանի ժամ, ծայրեծայր գրքերով լցված մի կառքով եկավ բուկինիստական գրախանութի աշխատակցի հետ, թե` էն 350-ը տուր, 30 կոպեկ էլ` կառքի փող…»:

Մի որոշ քանակությամբ գրքեր Թումանյանը կազմել էր տվել,  և այդ գրքերի կռնակներին կազմարարի կողմից դրոշմվել են «Յ. Թ.» անվանատառերը: Օրինակ, Սմբատ Գունդստաբլի «Տարեգիրք, արարեալ Սմբատայ Սպարապետի հայոց»; Լեո «Հայկական տպագրութիւն: Մեր կեանքը, գրականութիւնը անցեալում» և այլն:

Գրեթե բոլոր գրքերի տիտղոսաթերթերի, էջ 17-ի և վերջին էջի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքը: Շատ գրքերի վրա կան Թումանյանի հայերեն կամ ռուսերեն հակիրճ ինքնագրերը` ստորագրությունները: Որոշ գրքերի վրա կան նաև  Թումանյանի զավակների` Համլիկի, Մուշեղի, Նվարդի և Աշխենի ինքնագրերը կամ այլ նշումները:  

Բանաստեղծի գրադարանը պահվում է նրա երևանյան թանգարանում` գրքերի համար նախատեսված  առանձին սրահում` ըստ Թումանյանի կողմից դասակարգած թեմաների:  

Հովհաննես Թումանյանի թանգարանը երկար տարիներ համագործակցում է Մաշտոցյան Մատենադարանի հետ. բազմաթիվ գրքեր մշակվում և վերականգնվում են այդ հաստատության վերականգնման բաժնի մասնագետների կողմից:

Տնային աշխատանք

գադուկ — բլրագագաթ

գդոլակ — կարճ

լայիշ — մեծ պղինձ

դեսնի — այս կողմերը

զոռի — հազիվ

ըթե — այդպես

ծլու — դեպի վեր

ծիլիբ — փոքրիկ սեպ

խեշ —  մաշկ, մորթ

ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸ

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը՝ հիմար։ Խելոք ախպերը միշտ
բանեցնում ու չարչարում է հիմարին; Էնքան չարչարում է, որ հիմարը
հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր,
գնամ ջոկ ապրեմ։
— Լա՛վ,— ասում է խելոքը,— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ,
երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։
Ժամանակն էլ լինում է ձմեռ։
Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։
Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե
չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝
գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։
Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։
— Ա՛ մոզի, արի, հե՜յ,— կանչելով գնում է։
Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ…,
ավերակի արձագանքը կրկնում է․
― Հե՜յ…
Հիմարը կանգնում է։
— Ինձ հետ ես խոսում, հա՞…
Ավերակը ձայն է տալի․
—Հա՜…
— Մոզին ուզում ե՞ս։
— Ե՜ս… — Քանի՞ մանեթ կտաս։
— Տա՜ս…
— Հիմի կտա՞ս, թե՞ չէ։
— Չէ՜…
— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜…
— Արի՜…
Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը
կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։
Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝
գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված
ավերակի առջև։
— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։
— Հա՜…
— Չաղ է՞ր, թե՞ չէ։
— Չէ՜։
Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը
չտա։
— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ
փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜…
— Սկի՜…
Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե
կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար
են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր
են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։
— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը
մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք…
Մի ոսկի է վերցնում, գալի տուն։
— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։
— Ծախեցի։
— Ո՞ւմ վրա։
— Ավերակի։
— Հետո՞, փող տվա՞վ։
— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի
հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր,
հենց թողեցի էնպես փռված։
Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։
— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։
— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ
մեջքս կկոտրի։
Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։
— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ
տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։
Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է,
մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն,
հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։
Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ
գանգատ։
— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա
ծախեցի…
— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ,
ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի…— վրեն ծիծաղում է ու դուրս անում։
Գնում է, ուրիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։
Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին
գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք
ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԾԵՐՈԻՆԻՆ

— Այդ դո՞ւ ես,— ասաց նա և գլուխս թեթև շոյելով՝ շարունակեց իր ճամփան՝
առանց կանգնելու։
— Դու ո՞րտեղից գիտես ինձ, ծերունի։
— Քո ծնված օրից։
— Ուրեմն դու ճանաչո՞ւմ ես ինձ։
— Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց։
— Վա՜հ, մի՞թե…
― Ես քո պապին էլ եմ տեսել, ա՜խ, ինչ չարաճճի էր երեխա ժամանակ։
— Դու իմ պապին տեսել ես երեխա ժամանա՞կ։
— Է՜հ, բայց քո պապի պապը ավելի կայտառ երեխա էր։
— Դու իմ պապի պապին էլ ես տեսե՞լ։
— Հա՛, հա՛, հա՛, հա՛․ զարմանում ես դու. դեռ նրանց պապերի պապերին էլ…
— Դե որ այդպես է, պատմի՛ր, խնդրում եմ, պատմիր, ծերունի, ի՞նչ տեսակ
մարդիկ էին նրանք, ի՞նչ գիտես նրանցից։
— Ինչ տեսակ մարդի՞կ…
Նրանք էլ քեզ նման մարդիկ էին։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում,
մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու
ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու
բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին
ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։
— Վա՜յ, խե՜ղճ պապեր։
— Բայց ես ականատես եմ եղել և նրանց սիրային տարփանքներին, ես տեսել
եմ նրանց կայտառ զավակների խաղերն ու լսել եմ նրանց առաջին թոթովանքները,
մասնակցել եմ նրանց խրախճանքներին, ձայնակցել եմ նրանց հաղթանակի
աղաղակներին, ես պսակել եմ նրանց առաքինություններն ու
մեծագործությունները…
— Ո՜վ բարի ծերունի։
— Հա՛, նրանք ինձ հետ էին։ Մի քիչ տեղ եկան. մեկը մի անգամ մտավ
գերեզման, մյուսը նրանից մի փոքր հեռու իրան ալևոր գլուխը դրեց, որը դեռ մատաղ,
որը ծերունի, որը սրահար, որը ցավագար… Քո բոլոր պապերն ինձ հետ են անցել, ու
ամեն մեկը մի տեղ մնացել։
— Ո՜ւհ, ինչքան մեծ ես դու։
— Մե՜ծ, աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ
եմ ես, ո՛ր քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես՝ այն ես եմ թաղել։
— Եվ դեռ ադպես արա՞գ ես գնում, ես չեմ կարողանում քեզ հասնել։
— Հա՛, հա՛, հա՛, հա՛, հոգնեցի՞ր… տեսնում եմ՝ արդեն քեզ էլ եմ թողնում։ Օ՜,
դու վաղ ես ծերացել… Ե՜կ, ե՜կ…
— Սպասի՛, ծերունի, իմ ուժը, իմ եռանդը դու տարար, ես հոգնեցի, էլ չեմ
կարողանում գալ։
— Ե՜կ, ե՜կ…

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы