Պատմություն 17․02․2023

ա)Պարույր Նահապետը՝ հայոց թագավոր

Հայոց ավանդական պատմության համաձայն՝ Պարույր Սկայորդին Հայկ Նահապետի սերունդներից էր։ Նրա թագավորությունը միավորում էր պատմական Հայաստանի հարավային և հարավարևելյան շրջանները։ Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին։ Նրանք Պարույրին թագ են խոստանում։ Պարույրը մարական թագավոր Կիաքսարից թագ ստացավ Նինվեի վրա մարա-բաբելոնյան զորքերի արշավանքին և Ասորեստանի կործանմանը մասնակցելու համար։

Ենթադրվում է, որ Պարույրը Արմե-Շուպրիա երկրի ցեղային միության առաջնորդն էր: Մ.թ.ա. 609 թվականին նա Կիաքսարի զորքերի հետ գրավում է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպան, արդյունքում Ուրարտական տիրույթները անցնում են հայերին ու հայկական պետական կազմավորումներին, որոնցից ամենահզորը Երվանդունիներն էին։

Պարույր նահապետի թագավորությունը երկար չտևեց։ Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործն իրականացրեց նրա ազգականներից Երվանդ Ա Սակավակյացը: 

բ)Երվանդ 1-ին Սակավակյաց

Երվանդունիների արքայատոհմի արքա (մ.թ.ա. 570-560-ական թթ.):
Նրա օրոք հայկական պետության սահմանները գրեթե համընկել են Հայկական լեռնաշխարհի բնական սահմաններին:

Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:

Ըստ Քսենոփոնի՝ արքունի գանձարանում ունեցել է 3000 արծաթ տաղանդ գնահատվող հարստություն, պահել շուրջ 50 հազարանոց հետևակ և հեծյալ մշտական զորք:

Մարաստանի դեմ պայքարում չհասնելով հաջողության՝ ճանաչել է Աժդահակ (Աստիագես, մ.թ.ա. 585-550) թագավորի գերիշխանությունը, տարեկան նրան վճարել 50 տաղանդ հարկ և օժանդակել պատերազմներում:

Շուտով ԵՐՎԱՆԴ Ա-ն հրաժարվել է այդ պարտավորություններից, սակայն Աժդահակի զորավար Կյուրոս Աքեմենյանը (Կյուրոս II Մեծ) խարդախությամբ ձերբակալել է ԵՐՎԱՆԴ Ա-ին և կնքել նոր հաշտություն՝ վճարվելիք հարկը կրկնապատկելու և Մարաստանի գերիշխանությունը ճանաչելու պայմանով:

Հիշատակվում են ԵՐՎԱՆԴ Ա-ի որդիները՝ Տիգրանը, Ամպակը (Էմբաս), Շավարշը (Սաբարիս), դուստրը՝ Տիգրանուհին, որը, ըստ ավանդության, ամուսնացած էր Աժդահակի հետ:

գ)Տիգրան 1-ին Երվանդյան

Տիգրան Երվանդյանը եղել է հայոց թագավոր մ.թ.ա. 560-535թթ.։ Հաջորդել է հորը ՝ Երվանդ 1-ին Սակավակյացին։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան համարում է ամենաքաջ Հայկազունին։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աշակերտել էր մի փիլիսոփայի և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով։ Ք.ա. 550թ. Տիգրան 1-ինն աջակցեց պարսից արքա Կյուրոս Մեծին ՝ տապալելու Մարաստանի տերությունը, քանի որ վերջինս բազմիցս արշավել էր Հայաստանի դեմ։ Տիգրանը սկզբում լավ հարաբերություններ ուներ Աժդահակի հետ և իր քույր Տիգրանուհուն կնության էր տվել նրան։ Հետագայում, երբ պարզ է դառնում, որ Աժդահակը փորձում է այդ ամուսնությունն օգտագործել քաղաքական նկատառումներով, Տիգրանը պատերազմի է ելնում նրա դեմ ՝ դաշնակից ունենալով պարսից արքա Կյուրոսին։ Մարաստանի դեմ ապստամբությունը սկսվեց Ք.ա. 553թ. և այն գլխավորում էր Կյուրոս Մեծը։ Տիգրանը նրա գլխավոր դաշնակիցն էր։ Ըստ հայկական ավանդության հենց Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին։ Տիգրանի իշխանությունը Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Ք.ա. 539թ. Տիգրան Երվանդյանը դաշնակից զորքերի գլուխ անցած, գրավեց Բաբելոնը, որից հետո, հայոց արքա լինելուց բացի, դարձավ նաև Կյուրոսի տերության արևմտյան կեսի փոխարքան։ Տիգրան Երվանդյանը պահպանելով ներքին անկախությունը ՝ տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել Հայաստանի հյուսիս-արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տարածքը համապատասխանել է Հայկական Լեռնաշխարհի սահմաններին։ Ք.ա. 525թ. մահացավ Տիգրան Երվանդյանը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы